Պատասխանեցի առաջին օրվա հարցաթերթիկի հարցերին։ Ներկայացրի տարատարիք սաներով գործունեության առավելությունները, մահճակալների բացակայության նպատակները, ինչպես է մեր ննջարանը վերածվում մարզական հարթակի, խոսեցինք սաների ինքնուրույնության, ընտանիք-ծնող ամուր կապի մասին, ինչպես հանդեսները վերածել ծեսի և ուսուցանել կյանքով, առանց որևէ պարտադրանքի, որը բերում է միայն իմացումի հրճվանք։
Ներկայացրի խմբասենյակ-բաց լաբորատորիան՝ նկարների, ֆիլմերի հղումներն ուղարկելով, խմբին ավելացրեցին նաև կրթահամալիրի դաստիարակներին, եղավ անմիջական քննարկում, հարց-պատասխան, առաջարկներ։
Ներկայացրի դաստիարակների բլոգները, առաջարկեցի ունենալ նաև իրենցը։
Օրվա վերջում կգրեն փոքրիկ պատումներ հեռավար-առցանց վերապատրաստման կազմակերպման մասին։
Այսօր շփվեցինք ֆեյսբուքյան Messenger-ի տեսազանգի միջոցով։
Ավելացնեմ, որ հեռավար- առցանց ընտանեկան ուսուցմանը միացան նաև Արագածոտնի մարզից Նորաշենի «Վելիխան Մուքոյանի» անվան մանկապարտեզի ծնողները։
Ֆիլմերն ուղարկում են ինձ, ես մոնտաժում եմ և հրապարակում։ Վաղը կբացենք բլոգ և կսովորենք մոնտաժային ծրագրեր։
Ոգևորվածությունս մեծ է, քանի որ էլ ավելի հետաքրքիր և արդյունավետ է դառնում առցանց ուսուցումը։
Սիրելի՛ Նելի, շատ շնորհակալություն առցանց վերապատրաստման ուսուցման համար։Դուք ամեն ինչ անում եք, որ մենք տեսնենք, թե Դուք ինչպես եք անցկացնում Ձեր առօրյա աշխատանքը երեխաների հետ։ Օրվա ցանկացած ժամի աշխատելով մեզ հետ՝ Դուք տալիս եք այն ամենը, ինչը մենք կտեսնեինք այդտեղ։ Ես մեծ բավականություն ստացա, և շատ հաճելի էր, որ ծանոթացա Ձեզ հետ
Մարտի 19-ին աշխատեցինք միայն նամակագրությամբ, որին մասնակցեցին նաև նախակրթարանի դաստիարակները, եղան, հարց-պատասխան, թեժ քննարկումներ: Ուրբաթ օրը վերապատրաստման վերջին օրն էր։ Գրեցին պատում՝ ամփոփելով հնգօրյա առցանց-հեռավար վերապատրաստմանը, անրադառնալով հետևյալ հարցերին՝
- Ինչպիսի՞ն է կրթահամալիրը ձեր պատկերացմամբ։
- Նշեք, խնդրում եմ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առավելությունները։
- Հետաքրքրվա՞ծ եք հեղինակային մանկավարժական ծրագրով և կցանկանա՞ք միանալ ցանցին կամ համագործակցային ծրագրերով հանդես գալ ծեսերի ժամանակ։
- Ի՞նչ կասեք հեռավար-առցանց ուսուցման առավելությունների, թերությունների մասին, արդյունավե՞տ եք համարում առցանց ուսուցման տարբերակով վերապատրաստումները։
Գրում է Մերրի Պետրոսյանը.
«Իմ պատկերացմամբ կրթահամալիրն իր դաստիարակման ու դասավանդման մեթոդներով ակնհայտ տարբերվում է իմ իմացած բոլոր պարտեզներից։ Բայց դրանից չեն տուժում ո՛չ երեխաների դաստիարակությունը, ո՛չ մտավոր ու ֆիզիկական ունակությունները։ Ավելին՝ երեխաների հետ աշխատող յուրաքանչյուր մանկավարժ երեխաների մեջ զարգացնում է անհատ լինելու, սեփական «ես»-ը ունենալու ու գնահատելու հմտությունները։ «Չի կարելի»-ներն ու սահմանափակումները խոչընդոտում են երեխա-դաստիարակ հարաբերությունները։ Սա մեծ խնդիր է, որը չունի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։ Շատ հետաքրքիր ու երեխայակենտրոն ծրագրեր ունեն։ Շատ տպավորված եմ։ Լավ կլիներ, եթե հանրապետության բոլոր կրթօջախներում կիրառվեին այն մեթոդներն ու ծրագրերը, որոնցով առաջնորդվում են այս կրթահամալիրում։ Ինձ համար նորություն էին ծեսերը, դրանց համար նախատեսված թեմաները, անցկացման կարգը։ Կուզենամ ներկա գտնվել որևէ ծեսի։ Կփորձեմ նաև ինքս կազմակերպել այդպիսի արարողություն իմ խմբի երեխաների հետ։ Շատ կուզեի, որ վերապատրաստման դասընթացները լինեին առկա։ Հենց տեղում ականատես լինեի կրթահամալիրի աշխատանքներին։ Համոզված եմ, որ շատ ավելի արդյունավետ ու բեղմնավոր կլիներ մեր համագործակցությունը։ Միևնույն ժամանակ մեր վերապատրաստման դասընթացների ղեկավար Նելի Արղությանը՝ որպես հրաշալի մարդ ու մասնագետ, մեզ ամբողջ օրվա ընթացքում ապահովում էր համապատասխան նյութերով ու հոլովակներով, այնպես որ ես ինձ լրիվ պատկերացնում էի համապատասխան միջավայրում։ Շատ սիրեցի ագարակը։ Այնտեղ ազատություն կար, մաքուր օդ, սիրելի կենդանիներ կային, դրանց սեփական ձեռքերով կերակրելու գերագույն հաճույք։ Կային խնոցի, թոնիր… Քաղաքում ապրող շատ երեխաներ, ցավոք, պատկերացում չունեն հայկական այդ իրողությունների ու գյուղական պարզ ու մաքուր առօրյայի մասին։ Ավելորդ չեմ համարում նշել, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում պահպանվում են հայկական բոլոր ավանդույթները, դրանք ծեսերի միջոցով ծանոթացնում են երեխաներին ու ծնողներին։ Ծեսերից բացի մեծ ուշադրության է արժանանում մաքուր ու հայեցի երաժշտությունը։ Երեխաները լսում են անաղարտ ու հակաբացիլ Կոմիտաս»։